Մատչելիության հղումներ

«1.5 միլիոն հայերի ցուցակ կազմելը թուրքերի թեզն է». ցեղասպանագետը վտանգավոր է համարում իշխանության նոր նախաձեռնությունը


Ցեղասպանության թանգարանի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը
Ցեղասպանության թանգարանի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել և ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը, «Ազատության» եթերում երեկ հայտարարեց խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Այսօր արդեն նա նույնը հաստատեց խորհրդարանական ճեպազրույցներում։

«Պարզ նպատակ՝ որպեսզի մենք իմանաք, մեր ամեն մի 1.5 միլիոն հայրենակիցների հասցեները, տեղերը: Դա շատ կարևոր է ապագայում նաև մեր հարաբերությունների կառուցման համար, դեմը ապրիլի 24 է, 1,5 էր, 2 միլիոն էր, թե պակաս էր, դա պետք է լինի խիստ հասցեական, բայց դա եթե չենք արձանագրում, միշտ կարա հակառակ կողմը ասի, որ էդպիսի բան չի եղել և մինչև հիմա էլ ասում է», - նշեց Քոչարյանը:

Ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարանի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը իշխանության այս նախաձեռնությունը խիստ վտանգավոր է համարում՝ հիշեցնելով, ցուցակներ կազմելու գաղափարը թուրքական ժխտողական թեզերից մեկն է, որը շրջանառում են դեռ 1960- ականներից։

«Ամենավաղ թեզերից մեկն է, որը ասում է՝ զոհված հայերի 1.5 միլիոն թիվը սուտ է, նման բան տեղի չի ունեցել և եթե հայերը ստում են թվի հարցում, ուրեմն նրանք ստում են ամբողջ երևույթի հարցում: Պահանջում էին, ասում էին, դե որ 1,5 միլիոն հայ կա, դե ցուցակները տվեք կամ ներկայացրեք, առավել ևս, որովհետև իրենք ասում են՝ էդքան հայ չէր ապրում Օսմանյան կայսրությունում, որ էդքան զոհ տար և այլն», - ասաց Մանուկյանը:

Ցեղասպանագետն ասում է՝ թուրքերի ցուցակ կազմելու պահանջին Երևանը մշտապես հակադարձել է՝ էական չէ, թե որքան մարդ է զոհվել, քանի որ ցեղասպանությունը թիվ չէ, դա մարդկանց խմբին ոչնչացնելու մտադրված գործողություն է և կապ չունի, թե այդ խմբում քանի մարդ կա։ Մասնագետը օրինակ է բերում բոսնիական ցեղասպանությունը, որի ժամանակ սպանվել է 7 հազար տղամարդ, և այն միջազգային դատարանի կողմից ճանաչվել է որպես ցեղասպանություն։

«Թվերը բոլորովին կարևոր չեն երևույթը ցեղասպանություն կոչելու կամ չկոչելու առումով», - ընդգծեց Սուրեն Մանուկյանը:

Մանուկյանը չի պատկերացնում, թե ինչպես են կազմելու այդ ցուցակները

Ցեղասպանագետը չի պատկերացնում, թե ինչպես են կազմելու այդ ցուցակները. Օսմանյան կայսրությունը գրեթե գրագրություն չէր իրականացնում։ Ըստ մասնագետի, շատ դեպքերում դա նպատակաուղղված էր արվում, որպեսզի ցույց տային, որ ազգային փոքրամասնությունները շատ քիչ կշիռ ունեն։

«Հետևաբար, միակ աղբյուրը, որի վրա մենք կարող ենք հենվել, հիշողություններն են, վերապրողների հուշերն են: Վերապրել են հիմնականում երեխաները, երեխաները սովորաբար ոչ միայն չէին հիշում շատերի անունները, այլև չէին հիշում իրենց սեփական ազգանունները», - նշեց նա:

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բերում էր հոլոքոստի օրինակը, ցեղասպանագետը հակադարձում է։

«Հերաներին դա հաջողվել է, մեզ չի հաջողվի՞», - ընդգծեց է Քոչարյանը:

Մանուկյանը հակադարձում է. - «Հոլոքոստի ժամանակ սպանվել է 6 միլիոն հրեա, սա պաշտոնական թիվն է, բայց մինչև այսօր իրենք չեն կարողացել այդ 6 միլիոն մարդկանց անունը վավերացնել: [Վավերացրել են] մոտավորապես 4 միլիոնի կարգի, նույնիսկ եթե չեմ սխալվում 4 միլիոն էլ չէ, մոտ է 4 միլիոնին: Եկեք համեմատենք. հոլոքոստը տեղի է ունեցել Եվրոպայում, հրեաները քաղաքացիներ էին այդ երկրում, բոլորը գրանցված էին, ունեին քաղաքացիություն ու իրենց տվյալները պահպանվում էին արխիվային փաստաթղթերում, ծննդական և ամուսնական վկայականներում, բայց նույնիսկ նման զարգացած բյուրոկրատական համակարգում, վարչարարության արխիվային զարգացած հասարակությունում 6 միլիոնի անունը հնարավոր չի մինչև առայսօր հաշվարկել և արձանագրել: Ինչպե՞ս են պատկերացնում մեր իշխանությունները Օսմանյան կայսրության պարագայում, ես դժվարանում եմ ասել»:

1.5 միլիոն թիվն, ըստ ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի, ձևավորվել է գերմանազի միսիոներ Յոհաննես Լեփսիսուսի հետազոտությունների հիման վրա, որն այդ ժամանակ աշխատում էր Օսմանյան կայսրությունում և իր հավաքած տվյալները համադրել է տարբեր նահանգներում գործող Գերմանիայի և ԱՄՆ - ի հյուպատոսների և դիվանագետների փաստերի հետ։ Հենց այդ հետազոտության հիման վրա է առաջին անգամ դեռ 1919 -ին՝ Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը հրապարակել, որ Ցեղասպանության զոհ է դարձել 1.5 միլիոն հայ։

«Բոլոր մեծ տերությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, նույն Գերմանիան, բոլորը համաձայնվեցին, որ վավեր թվեր են, արժանահավատ թվեր են և հիմնականում աշխատում էին այդ թվերի հետ ու 1,5 միլիոնը այդ ժամանակվանից է գալիս», - ընդգծեց նա:

Ըստ ցեղասպանագետի, Հայաստանի իշխանությունն իր նախաձեռնությամբ կասկածի տակ կդնի այդ փաստը

Ցեղասպանագետն ասում է՝ Թուրքիայից բացի որևէ մեկը կասկածի տակ չի դրել 1.5 միլիոն զոհերի թիվը։ Եվ Հայաստանի իշխանությունը ինքն իր նախաձեռնությամբ կասկածի տակ կդնի այդ փաստը։

«Հայաստանն ինքը իր թվերին, տարիներ, տասնամյակներ շարունակ հնչեցրած թվերին չի հավատում և իրեն պետք է դա անել, որպեսզի նույնիսկ ինքն առաջին հերթին հավատա: Եթե մենք չունենք կասկած, ոչ մեկի կողմից, շատ տարօրինակ կլինի, որ մենք հայերս առաջինը սկսենք կասկածել դրա վերաբերյալ», - ասաց Մանուկյանը:

Երևանցիները իշխանության նոր նախաձեռնության շուրջ միանշանակ կարծիք չունեն, ոմանք կողմ են, որ ցուցակներ կազմվեն, որպեսզի նաև ցեղասպանության զոհերի ժառանգները փոխհատուցումներ ստանան, ոմանք կարծում են, այդ գործընթացը որևէ լավ հետևանք չի ունենալու։

Ինչո՞ւ է իշխանությունը ապրիլի 24 -ից 10 -ն օր առաջ խոսում ցեղասպանության զոհ գնացած հայերին ցուցակագրելու անհրաժեշտության մասին։ Ցեղասպանագետի տպավորությամբ՝ այս ամենը ուղղորդված և կառավարվող քաղաքականություն է։

«Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Հայաստանի վարչապետի հայտարարությանը, որ միշտ արվում է, որովհետև իրոք անկանխատեսելի է, չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատենք, որ դրա տակից դուրս գանք», - ընդգծեց Սուրեն Մանուկյանը:

XS
SM
MD
LG